21.11.2024, 11:50

18.000 դրամ նպա՞ստն է անբարոյականություն, թե՞ ընդհանրապես նպաստ չտալը





Իշխանությունները զարմացրեցին հերթական հակատրամաբանական և կարելի է ասել նաև՝ հակամարդկային նախաձեռնությամբ. այսուհետ գործազուրկները կզրկվեն 18,000 դրամ կազմող գործազրկության նպաստից, որովհետև ուշադրությո՛ւն, իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ անբարոյականություն է մարդուն 18,000 դրամ տալը: Բնականաբար, մեր իշխանությանը հատուկ դարձած ցինիզմով մեզ հիմա բացատրում են, որ միևնույն է այդ գումարով ոչ մի հարց չի լուծվում և ավելի լավ է դրա հաշվին գործազուրկներին «ձուկ բռնել սովորեցնել»:

Այս լուրը թերևս այսքան սուր նեգատիվ արձագանքի չէր արժանանա, եթե դա չարվեր նախագահի, նախարարների, պատգամավորների ու այլ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերը բարձրացնելու մասին որոշման ֆոնին: Բնականաբար տրամաբանական հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ է մեր կառավարությունն այդպես հետևողականորեն հոգում ճնշող փոքրամասնություն կազմող բարեկեցեիկ խավի հոգսերը, բայց միևնույն ժամանակ դրակոնյան օրենքներով ու տնտեսական քաղաքականությամբ էլ ավելի անելանելի դարձնում ավելի բարդ սոցիալական պայմաններում ապրողների վիճակը:

Եվ իրո՞ք, ցանկացած կազմակերպություն, ցանկացած համակարգ, որտեղ կա աշխատավարձ հասկացողություն, աշխատավարձը բարձրացնում են միայն երկու դեպքերում. երբ աշխատողները շատ լավ են կատարել իրենց պարտականությունները և հարկավոր է նրանց խրախուսելով՝ մոտիվացնել, մեկ էլ, երբ աշխատակիցների աշխատավարձերը ակնհայտորեն ցածր են: Կարելի է դիտարկել այս տարբերակներից յուրաքանչյուրը:

Երբ երկրումդ աղքատության ցուցանիշը կազմում է մոտ 40 տոկոս, ընդ որում այն աճել է վերջին տարիների ընթացքում, երբ երկրումդ չկա վստահություն պետական մարմինների նկատմամբ ու ծաղկում է կոռռուպցիան, երբ երկրումդ անհատների կամայականությունները չեն ստանում արժանի գնահատականի իրավապահների ու արդարադատության համակարգի կողմից, և վերջապես, երբ գործազրկության նպաստը կազմում է 18,000 դրամ ու այն էլ վերացվում է, ապա ավելորդ է խոսել իսկ այն բանի մասին, որ մեր չինովնիկներն այնքան լավ են աշխատում, որ խրախուսաննքի են արժանի, այն էլ աշխատավարձի կտրուկ բարձրացման տեսքով:

Մյուս կողմից, ունենք պաշտոնական տվյալներ, որոնցից մեկի համաձայն, ՀՀ-ում սպառողական զամբյուղը մոտ 33.000 դրամի է հավասար: Պատգամավորները ստանում են մոտ 300.000 աշխատավարձ, նախարարներն էլ ավելի շատ, և այսպես շարունակ: Մի բան ակնհայտ է, քաղաքական վերնախավում չկան մարդիկ, ովքեր սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ ունեն, փոխարենը կա 1 միլլիոնից ավել քաղաքացի, ով կանգանած է այդ խնդրի առջև: Նորից հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է բարձրացվի օրինակ՝ պատգամավորի աշխատավարձը, երբ նա առանց այն էլ ստանում է բավարար գումար՝ 9 սպառողական զամբյուղ ունենալու համար, իսկ այն մարդիկ, ում նա կոչված է ապահովելու ավելի բարեկեցիկ կյանքով, անգամ մեկ սպառողական զամբյուղի հնարավորություն չունեն:

Ընդհանրապես, զարմացնում է այն սառնասրտությունն ու բացահայտ անտարբերությունը, որոնք ցուցաբերվում են կառավարության կողմից, երբ բանը հասնում է երկրի առջև խոյացած ֆունդամենտալ խնդիրները լուծելուն: Իրոք անեկդոտային իրավիճակ է, երբ տարիներ շարունակ լսելով մարդկանց բողոքները, որ նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը ցածր են, կառավարությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ չէղարկել գործազրկության նպաստները, 4 տոկոսով բարձրացնել օրինակ ուսուցիչների աշխատավարձերը և անմիջապես 5-10 տոկոս պահել այդ բարձրացրած աշխատավարձից՝ իբրև կենսաթոշակային վճարում, այդ կերպով փաստացի էլ ավելի նվազեցնելով նրանց աշխատավարձերը:

Վերլուծելով այս ամենը, մի բան կարելի է վստահ պնդել. կառավարությանը չի հետաքրքրում ժողովրդի կացությունը, կառավարությանը չի հետաքրքրում, թե ինչ է մտածում ժողովուրդն իր մասին, կառավարությանը չի հետաքրքրում, թե ինչի՞ կբերի իր վարած քաղաքականությունը... Անհասկանալի է միայն, թե ինչի՞ վրա թքած չունի կառավարությունը:

Կատեգորիա: Ներքին Քաղաքականություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.