2.2.2025, 01:14

Օլիգարխների խմբերը դուրս են գալիս իրար դեմ





Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

 

Պարոն Ենոքյան, կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Էկոնոմիկայի նախարարը սպառնաց անուններ հրապարակել հաջորդ շաբաթ, երբ կլրանա վարչապետի հայտարարած 3 շաբաթը։ Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս հասարակությունը կտեսնի իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, իսկապես կհրապարակվե՞ն անուններ։

 

Անուններ կհրապարակվեն, կնշվեն ընկերություններ, այսօր արդեն նշվել են ոլորտներ, որոնք մոնոպոլացված են, կարծում եմ՝ որոշակի տուգանքներ կսահմանվեն այդ ընկերությունների նկատմամբ, և ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես մինչև էսօր էր։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվի, խաղի նոր կանոններ չեն լինի, որովհետև սա Հայաստանի քաղաքական օլիգարխիկ համակարգի հիմքն է։ Սա քաղաքական համակարգ է, որը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Մինչև Ռոբերտ Քոչարյանն էլ չի կարելի ասել, թե կար ժողովրդավարություն, մինչ այդ Վազգեն Սարգսյանի ժամանակ միլիտարիստական համակարգ էր, երկրապահների համակարգ էր, Քոչարյանի փոխեց, սարքեց օլիգարխիկ համակարգ, իսկ Սերժ Սարգսյանը շարունակեց այդ համակարգը՝ ինչ-որ անուններ փոխելով։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է  Հայաստանում եղած կառավարման համակարգի դեմ պայքար, ինչին կառավարման համակարգը չի գնա, ինքն իր դեմ չի կարող պայքարել։

 

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գնա նոր խաղի կանոնների հայտարարման, ինչո՞ւ չի գնա համակարգի փոփոխության։ Նա վախե՞ր ունի 2017 թվականի ընտրությունների հետ կապված, թե՞ հեռացող նախագահ է և կարող է գոնե վերջում ինչ-որ փոփոխությունների գնալ։

 

Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ չէ, նա դուրս չի գալու իշխանությունից՝ անկախ նրանից, թե ինչպես դա կարտահայտվի։ Իսկ խաղի նոր կանոնների նա չի գնա, որովհետև այդ դեպքում համակարգը կփլվի։ Սերժ Սարգսյանի համար այսօր համակարգը քանդելը անթույլատրելի է, և նոր Սահմանադրությունը եղած մեծամասնական ընտրակարգը համամասնականի տակ պահելու միմիկրիա է, որով պահպանվելու է օլիգարխիկ համակարգը։ Սա է Հայաստանի Հանրապետությունը, և իշխանությունը պարզապես չի կարող քանդել, նորից հավաքել։ Ինքնասպանության գնալ չի կարող իշխանությունը, խոսքը միայն Սերժ Սարգսյանի մասին չէ, ամբողջ իշխանական կառուցվածքի մասին է։

 

Պարոն Ենոքյան, նկատի ունեք, որ օլիգարխների հետ կլինի պայմանավորվածություն, որ նրանց պատկանող ընկերությունների անունները հայտարարվելու են, և պետք չի դրանից ողբերգություն սարքել։

 

Հաստատ կլինեն հստակ պայմանավորվածություններ։ Եկեք նայենք մենաշնորհների վերաբերյալ օրենսդրությունը։ Ըստ մեր օրենքի՝ մենաշնորհ է համարվում, եթե որևէ ընկերություն տիրապետում է տվյալ ոլորտի 1/3-ին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ասենք Սամվել Ալեքսանյանը Հայաստան բերվող շաքարի 1/3-ից պակասը բերի։ Անհնար է։ Կարող են այնպես ձևակերպել թղթերի վրա, որ Ալեքսանյանը Հայաստան է ներմուծում շաքարի շատ քիչ քանակություն, եւ այդ ժամանակ նույն թղթերից էլ կպարզվի, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տարեկան օգտագործում է հինգ գդալ շաքարավազից ոչ ավելի։

 

Մենք տեսնում ենք, որ արդեն կան ուժեր, որոնք դժգոհություն են հայտնում Սերժ Սարգսյանի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունից։ Մասնավորապես Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունն է, որը ավելի ընդդիմադիր դիրքերից է փորձում հանդես գալ։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում կարո՞ղ է իրական ներքաղաքական պայքար լինել։

 

Հիմա օլիգարխները փորձում են բաժանվել ըստ տարբեր տեղորոշման և համախմբվելով դուրս գալ իրար դեմ։ Խնդիրն այն է, թե կոռուպցիայի մեթոդներին ո՞վ կիշխի, այս օլիգարխների խումբը, թե այն օլիգարխների խումբը։ Սա ամենևին չի նշանակում պայքարի Հայաստանում ժողովրդավարության համար, պայքար օլիգարխիկ համակարգի դեմ, պայքար ավելի իրատեսական արտաքին քաղաքականության համար։ Սա ընդամենը կարող է նշանակել հեղաշրջում, չի կարող նշանակել Հայաստանի ժողովրդավարություն։

 

Իսկ Հայաստանում այսօր կա՞ այդ հեղաշրջման հնարավորությունը։

 

Հեղաշրջումն այնպիսի մի բան է, որի մասին խոսելը և ենթադրություններ ամելը շատ դժվար է, որովհետև այն հիմնականում շատ գաղտնի և սողացող է։

 

Ապրիլյան պատերամից հետո Սամվել Բաբայանի վերադարձի կոչեր հնչեցին։ Այսօր նա արդեն վերադարձել է և հարցազրույցներ է տալիս, խոսում իր ծրագրերի մասին։ Նրա վերադարձը ի՞նչ կարող է փոխել մեր զինված ուժերում։

 

Ես չեմ կարծում, որ Սամվել Բաբայանի վերադարձով կարելի է ինչ-որ բան փոխել զինված ուժերում, թեև նա ներդրում ունի հաղթանակի մեջ։ Բայց այն ժամանակ, երբ Սամվել Բաբայանն էր պատերազմում, դա էապես տարբերվում էր այսօրվա պատերազմից։ Ես չեմ կարծում, թե այսօր Սամվել Բաբայանը կարող է մտնել գործող բանակի կառուցվածքների մեջ։ Ավելին, ես չեմ կարծում, թե նրան թույլ կտան մտնել այդ կառուցվածքների մեջ։ Այնպես որ, Սամվել Բաբայանի վերադարձը զուտ քաղաքական նշանակություն ունի։

 

Իսկ ո՞ւմ էր պետք նրա վերադարձը՝ Սերժ Սարգսյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն։

 

Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ուժեղանում է  Սամվել Բաբայանի վերադարձով։

 

Մամուլում հրապարակվեց, որ Սերժ Սարգսյանը մարել է Սամվել Բաբայանի ունեցած պարտքերը։

 

Ես չգիտեմ, թե նրա պարտքերն ով է փակել, չգիտեմ՝ նրա պարտքերը փակվել են, թե ընդամենը սառեցվել են նրա պարտատերերի պահանջները։ Բայց, իմ կարծիքով, Սամվել Բաբայանի վերադարձը Սերժ Սարգսյանին այնքան էլ պետք չէր։ Այստեղ երևի թե պետք է խոսենք մյուս ուժի մասին, որն այսօր համախմբում է բոլոր եղած հնարավորությունները, և Սամվել Բաբայանի վերադարձը պետք է դիտել այդ համատեքստում։

 

 

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք, որ որոշակի անջրպետ է առաջացել Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշումներում։

 

Արտաքին քաղաքականության մեջ այսօր մի ամբողջական անհեթեթություն է։ Արտաքին քաղաքականության մեջ բոլորն ասում են, որ Ռուսաստանը մեզ դավաճանեց, զինեց մեր թշնամուն և քշեց մեր դեմ՝ մեզ թողնելով անպաշտպան, որովհետև մենք, խոշոր հաշվով, հայտնվել էինք պատանդի կարգավիճակում։ Մեզ խոստացվել էր զենք, որը չէր տրվել, մենք հայտնվել էինք մի իրավիճակում, որ ուրիշ տեղից չէինք կարող զենք ձեռք բերել։ Այսինքն, մենք անպաշտպան հայտնվեցինք ռուսների կողմից մինչև ատամները զինված Ադրբեջանի դեմ հանդիման։ Ու այդ ամենից հետո Հայաստանի արտաքին քաղաքակության մեջ էական փոփոխություններ չեն կատարվում։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը, ինչպես շատ հաճախ է լինում, այս անգամ ևս տրամաբանական չէ։

 

Եվ ինչի՞ կհանգեցնի սա, արտաքին քաղաքականության ոլորտում հերթական ձախողումների՞։

 

 

 

Այո, կհանգեցնի հերթական ձախողումների, մանավանդ որ արտաքին քաղաքականության մեջ 1998 թվականից ի վեր բոլորիս մեջ սերմանվել է «ոչ մի թիզ հող» սկզբունքը, և դա դարձել է հասարակության կոնսենսուսը, ու հիմա փորձ անել այդ պարադիգմից կես քայլ անգամ հետ կանգնել, սա կնշանակի հասարակական կոնսենսուսը փլուզել։ Ես կարծում եմ, շատ դժվար է, թեև Սերժ Սարգսյանն այսօր տիրապետում է բոլոր քաղաքական լծակներին, չնչին բացառություններով նա ունի վերահսկողություն բոլոր քաղաքական ուժերի վրա, տիրապետում է ամբողջ մեդիային՝ կրկին չնչին բացառություններով, ու չնայած այս ամենին, այնքան խորն է արմատացած «ոչ մի թիզ հող»-ը, որ կամա թե ակամա հանրապետականի խիարը թարս է աճելու: - 

Կատեգորիա: Համացանց | Դիտումներ: 658 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.