«Կոնդի Պզեն» դանակահարել է ռեստորանում իր ընկերուհուն «նայող» երիտասարդին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ Գևորգյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գևորգ Գևորգյանը 2013 թվականի հունվարի 1-ին, առավոտյան ժամը 6-ին Երևանի Չկալովի փողոցի 70ա հասցեում գործող «Նարեկ» ռեստորանային համալիրից մոտ 100 մետր հեռավորության վրա դանակով հարվածել է Ռոբերտ Դանիելյանին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս: Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Գևորգին իր շրջապատում «Կոնդի Պզե» են ասում: Այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին երկու վկաներ: Առաջինը Գևորգի ընկերուհին էր: Հենց այդ աղջկա հետ էր Գևորգը հունվարի 1-ի գիշերը Նոր տարին նշել «Նարեկ» ռեստորանային համալիրում: Դատարանում աղջիկն աշխատում էր ցուցմունքներն այնպես ձևակերպել, որ ոչ թե վնասի, այլ օգնի Գևորգին: Դա նրա համար հեշտ չէր, որովհետև Սուխումում ծնված, ապա Սոչիում բնակված աղջիկը երբեմն դժվարանում էր հայերեն ճիշտ բառերը գտնել: Այնուամենայնիվ, վկան հրաժարվեց թարգմանի ծառայությունից: Նա հայտնեց, որ Երևան է եկել 2012-ի սեպտեմբերին: Գևորգի հետ հաճախ չի հանդիպել, հեռախոսով են շփվել: Նոր տարվա գիշերը, երբ իր ընտանիքի հետ Նոր տարին դիմավորել էր, ժամը 1-ի սահմաններում զանգել է Գևորգը և աղջկան հրավիրել «Նարեկ» ռեստորան: Աղջիկը հագել է «ֆուքսիայի» գույնի զգեստը, տաքսիով Նարեկի հետ գնացել է ռեստորան: Նստել են երկու հոգու համար նախատեսված սեղանի մոտ: Ըստ աղջկա՝ լավ ուրախացել ու պարել են: Հետո էլ համարյա միասին՝ երկու-երեք րոպեի տարբերությամբ, դուրս են եկել ռեստորանից, անմիջապես նստել հենց ռեստորանի դիմաց կանգնած տաքսին: Աղջիկը պնդեց, թե ոչ մի ընդհարում ինքը չի տեսել, վերջում մի պահ ինչ-որ խոսակցություն եղել է, բայց դա «լավ» խոսակցություն էր, քանի որ կողմերն իրար «ախպեր ջան» էին ասում: Աղջիկը նշեց նաև, որ հնարավոր է՝ ինչ-որ տղա իրեն նայած լինի ռեստորանում, բայց ինքը ոչ ոքի չի նայել, ոչինչ չի նկատել: Հետևից մի պահ լսել է՝ «Ի՞նչ ա էղել, արա՛» արտահայությունը, բայց դա կարող էր և իրենց ուղղված չլինել: Աղջիկն ասաց, որ ռեստորանից տաքսիով տուն գնալիս ինքը նախ Գևորգին է իջեցրել Սարյանի վրա, ապա տաքսիով տուն է գնացել: Հենց հասել է, զանգել է Գևորգին, ասել է՝ ես տանն եմ, Գևորգն ասել է՝ ես էլ եմ տանը: Հետո երկար ժամանակ չեն հանդիպել: Նախաքննական հարցաքննության ժամանակ քննիչն աղջկան ներկայացրել է տուժողի պատմածը, համաձայն որի՝ տուժող երիտասարդը ռեստորանում Նոր տարվա առիթով ուրախանալու ժամանակ ներկաներից հավանել է մի աղջկա: Անընդհատ նայել է նրան: Հետո նկատել է, որ աղջիկը մենակ դուրս է գալիս ռեստորանից: Գնացել է նրա հետևից: Ռեստորանից մոտ 100 մետրի վրա հասել է աղջկան, կանգնել ու փորձել է խոսել նրա հետ: Բայց այդ ժամանակ մոտեցել է մի երիտասարդ, ասել է՝ ի՞նչ ես ուզում, և ինչ-որ բանով հարվածել ու ծանր մարմնական վնասվածք է պատճառել հրապուրվածին: Աղջիկն ինչպես նախաքննության ժամանակ էր ասել, այնպես էլ դատարանում պնդեց, թե նման բան չի տեսել: Ինքը ռեստորանում հաշիվը փակել է, վերարկուն վերցրել, դուրս եկել ու անմիջապես նստել է տաքսի: Մի երկու րոպե անց տաքսի է նստել Գևորգը, և գնացել են իրենց տները: Ինքը չի նկատել, որ Գևորգն ինչ-որ մեկի հետ կռվի կամ ինչ-որ բանից բորբոքված, ջղայնացած լինի: Հաջորդ վկան Գևորգի քեռին էր: Նա ևս հայերենի հետ որոշ խնդիրներ ուներ ու որոշ բառերի շատ ինքնատիպ իմաստ էր տալիս, ինչով դահլիճում էականորեն բարձրացրեց ներկաների տրամադրությունը: Քեռի Վահանը բավական խճճվեց իր դատարանային ու նախաքննական ցուցմունքներում: Նա հայտնեց, որ Գևորգի հարազատները՝ հայրը, մայրը, եղբայրը մահացել են: Հայրն ազատամարտիկ է եղել, զոհվել է պատերազմում: Նրա ծնողները «լավ, բարեհամբույր» մարդիկ են եղել: Գևորգը մենակ է մնացել: Ապրել է վարձով: Հետո է բնակություն հաստատել Կոնդի իրենց տանը: Ինքը քրոջորդու հետ քիչ է շփվել. «Ես ուրիշ բնագավառում էի ապրում, նա՝ ուրիշ»,- ասաց քեռին: Նախագահողի ջանքերով պարզվեց, որ «բնագավառը» բնակավայրն է: Նախաքննական ցուցմունքում քեռին նշել էր, թե Գևորգի կողմից դանակահարություն կատարելու մասին ինքը լսել է Գևորգի ընկերներից, իսկ դատարանում ասաց, թե լսել է քննիչից, մեկ էլ հարևան կանանց խոսակցություններից: Ինքը չէր կարող ճանաչել Գևորգի ընկերներին, Գևորգն էլ մոտ երկու տարի էր ապրում Կոնդում, ի՞նչ ընկերներ պիտի ունենար: Նախաքննության ժամանակ քեռին ասել էր, թե Գևորգն անհանգիստ երիտասարդ է, մականուն էլ ունի, որով նրան կոչում են շրջապատում: Դատարանում վկան ասաց, թե Գևորգը ոչ թե անհանգիստ է, այլ՝ աշխույժ: Մականունով էլ նրան կոչել են հարևանները, օրինակ՝ տարիքով կանայք, ի՞նչ շրջապատ, ի՞նչ բան: Թե ինչ է նշանակում «Պզե», քեռին ընդհանրապես չի հասկանում: Քեռին ու Գևորգն ապրել են նույն հասցեի տանը, տարբեր հարկերում: Դեպքից մեկ կամ երկու օր հետո, ըստ քեռու, իրենց տուն են «ներխուժել օպերլիազորողները», այն մարդիկ, ովքեր լիազորություն ունեն տները մտնելու և ստուգելու, մի խոսքով՝ ոստիկանները, բայց՝ քաղաքացիական շորերով, նրանց հետ էլ՝ հարևանի մի քանի կին: Հարցրել են Գևորգի մասին ու քեռուն տեղեկացրել են, թե Գևորգը կասկածվում է դանակահարության համար: Դեպքից հետո Գևորգը որոշ ժամանակ թաքնվել է: Քեռին դատարանում ասաց, թե Գևորգը չի թաքնվել, իրենք կողք կողքի են քնել ամեն օր: Նախաքննության ժամանակ էլ ասել էր, թե Գևորգին մոտ քսան օր չէր տեսել, պատահաբար հանդիպել է Սարյանի վրա՝ փոստի մոտ: Հարցրել է՝ բա ասում են՝ մարդ ես խփել, էստեղ ի՞նչ ես անում: Գևորգն էլ ասել է՝ մի հավատա, դա «քուչի» խոսակցություն է, չուզողություն: Գևորգը զգուշացրել է, որ ընկերների մոտ է մնում: Այս նախաքննական ցուցմունքի պատճառով քեռին բոլորովին կորցրեց իրեն, երկար ժամանակ չէր կարողանում ճանաչել իր ստորագրությունը, հետո էլ ասաց, թե քննիչի գրածը չի կարդացել, վստահել է նրան, որովհետև շատ բարեհամբույր երիտասարդ քննիչ էր, ինչո՞ւ չհավատար: Երբ նախագահողն ասաց, որ քեռու հարցաքննությունը վերջացած է, վերջինս շատ տարակուսած տեսք ընդունեց: Դժգոհ էր նախաքննական ցուցմունքների հրապարակումից: Իր տեսքով ուզում էր ցույց տալ, թե իզուր էր վստահել բարեհամբույր քննիչին: Բայց, ըստ էության, քեռին երևի չէր պատկերացրել, որ կդնեն ու նախաքննական ցուցմունքը հրապարակավ կկարդան: Գևորգն էլ ամբաստանյալի տեղից բառ առ բառ կլսի: Ամբաստանյալը, սակայն, քեռու խճճվածությունն ընդունում էր հումորով և քթի տակ ծիծաղում էր նրա միամիտ ջանքերի վրա: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |