2.2.2025, 05:29

Մարսելում բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը (ֆոտո)





Մարսելում բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը (ֆոտո)Նոյեմբեր 09, 2013 | 14:24 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը, նոյեմբերի 8-ին, կատարել են Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ  նշանակություն ունի մեր ժողովրդի համար։

«Հայերի ներկայությունը Մարսելում սկիզբ է առել դեռ վաղ միջնադարում։  Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ արտոնյալ առեւտուր իրականցնող հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալում այս քաղաքում»,- ասել է նախարար Նալբանդյանը։

«Մարսելը դարձավ առաջին ֆրանսիական քաղաքը, որը հյուրընկալեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Նրանցից շատերը հաստատվեցին այստեղ, դարձան իրական մարսելցիներ եւ մինչ այսօր իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը։

Այսօր, Մարսելն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային եւ մարզական կենտրոններով, հայ-ֆրանսիական առեւտրա-արդյունաբերական պալատով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միեւնույն ժամանակ իրենց Հայրենիքի հետ կապվածության մասին։

Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Մարսելի մարզային, շրջանային եւ համայնքային իշխանություններին՝ մարսելահայերին շարունակական աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարեւոր ներդրման համար»,-նշել է նա:

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այն՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման գործում։

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խոսքում ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ եւ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։

Մարսելի քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայերը զգալի ներդրում ունեն իր ղեկավարած քաղաքի զարգացման եւ բարգավաճման գործում, նաեւ յուրատեսակ կամուրջ են հանդիսանում Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման համար։ Նա ընդգծել է, որ Մարսելը Երեւանի հետ համագործակցում է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններով։ Ժան-Կլոդ Գոդենը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը էլ ավելի կխթանի հայ-ֆրանսիական բարեկամական փոխհարաբերությունների խորացումը։

Հյուպատոսության բացման արարողությունը, որն ուղիղ եթերով  հեռարձակվում էր տեղական հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.